ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 Map of Amenia     Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով, որոնց յուրօրինակ ավանդույթները պահպանվել են մինչ այսօր: Այս մասին կարելի է նույնիսկ տեղեկանալ այնպիսի փիլիսոփաներից, ինչպիսիք են Հերոդոտը և Ստրաբոնը: Մ.թ.ա. 401-400թթ, երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ:

     19-20 դարերում ակադեմիկոս Պետրովսկու կատարած պեղումները հաստատեցին այն փաստը, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը զարգացած գինեգործական պետություն էր: Հնագետները Կարմիր Բլուրի (Թեյշեբայնի) ամրոցում հայտնաբերել էին 480 կարասներով գինու պահեստարան, որտեղ կարող էր պահվել մոտ 37 հազ. դեկալիտր գինի:  Էրեբունու (քաղաք-ամրոց այժմյան Երևանի տարածքում, կառուցվել է 2800 տարի առաջ) պեղումների ընթացքում գտնվել են 10 գինու պահեստարաններ, որտեղ եղել են 200 գինու  կարասներ: Դեռ հայերի նախնիները, որոնք աշխարհի հնագույն պետություններից մեկի' Ուրարտուի բնակիչներն էին, զբաղվել են խաղողագործությամբ: Տարեգրություններում պահպանվել են վկայություններ այն մասին, որ աշխարհի հնագույն այս պետությունում հատուկ ուշադրություն էր հատկացված խաղողագործությանը և պտղաբուծությանը: Մեզ հասած պատմական տեղեկություններում հիշատակվում է գինու և գարեջրի պատրաստման տարբեր տեխնոլոգիական հնարքների մասին:

     Հատկապես սովետական ժամանակաշրջանում հայ գինեգործները գտնվում էին իրենց փառքի գագաթնակետում:1940-85թթ գինու արտադրությունն աճեց 9 անգամ, կոնյակինը' 17 անգամ, իսկ սկսած 1960-86թթ շամպայն-գինիների արտադրությունն աճեց 10 անգամ: Դեռ 80-ականներին Հայաստանում ամեն տարի միջին հաշվարկով մթերվել է մոտ 210 հազ. տոննա խաղող, որից ստացել են 14-15 մլն. դեկալիտր գինի: Դրանից 2 մլն.-ը օգտագործվել է կոնյակի արտադրության մեջ, մնացած մասը' գինեգործության մեջ:

     80-ականներին Հայաստանն ապահովում էր ամբողջ ՍՍՀՄ-ում արտադրվող կոնյակի 25%, գինու 3% (5-6% թունդ գինիներ): Արտադրվող ապրանքի 3/4 արտահանվում էր առավելապես Ռուսաստան: Այդ ժամանակ հայկական գինեգործական ընկերությունները միավորված էին մեկ միավորման մեջ, որը կոչվում էր "Արարատ-տրեստ":

     Գինու արտադրության ավանդույթները զգուշորեն պահպանվում են երկար տարիների ընթացքում: Անհնար է հերքել այն փաստը, որ այսօր էլ շատ գյուղացիներ, ինչպես 3 հազարամյակներ առաջ, վերամշակում են խաղող և գինի են ստանում հատուկ շինություններում' հնձաններում:

 

" Գովք այն գինուն, որի գավաթը ազգեր է միավորում և օգնում է մեզ վերադառնալ մարդկության ակունքներին, որպեսզի վայելենք մեր պապերի իմաստությունն ու գիտելիքները" :